National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.03.2023
Ծավալուն փոփոխություններ են նախատեսվում Աշխատանքային օրենսգրքում. հիմնական կարգավորումները քննարկվել են գլխադասային հանձնաժողովում
1 / 10

Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից առաջարկվում է խմբագրել 122-ը: Նախագծի մշակման աշխատանքները սկսվել են դեռեւս 2019 թվականից: Այս ընթացքում կազմակերպվել են հանրային լսումներ, քննարկումներ, հաշվի են առնվել տարբեր թիրախային խմբերի կարծիքները, սերտ է եղել համագործակցությունն ԱԺ գլխադասային հանձնաժողովի հետ: Աշխատանքային ու Հարկային օրենսգրքերում եւ «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումներն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս այս մասին նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Ներկայացնելով հիմնական փոփոխությունները` փոխնախարարը տեղեկացրել է, որ հնարավորություն է տրվելու մինչեւ երկու տարեկան երեխա խնամող աշխատողին իր աշխատաժամանակը նվազեցնելու իրավունք տալ: Ներկա կարգավորմամբ մինչեւ մեկուկես տարեկան երեխա խնամող կանանց հնարավորություն է տրվում երեք ժամը մեկ առնվազն երեսուն րոպեով վերցնել ընդմիջում: Առաջարկվում է այս ժամկետը դարձնել մինչեւ երկու տարեկան: Աշխատողին ժամերը տնօրինելու հնարավորություն կտրվի:

Նոր փոփոխություններով կենսաթոշակային տարիքն աշխատանքից ազատման հիմք չի կարող լինել: Ռուբեն Սարգսյանի խոսքով սովորաբար գործատուները պարբերաբար անժամկետ պայմանագիր էին կնքում կենսաթոշակային տարիքի աշխատակիցների հետ, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն էր թե՛ գործատուի, թե՛ աշխատողի համար:

Հաջորդ կարգավորումը սոցիալական երաշխիքների մասով է: Աշխատողների քանակի կամ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում աշխատանքում մնալուն նախապատվության իրավունք է տրվելու հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, նաեւ ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամին:

Փոփոխություններ են առաջարկվում նաեւ հանգստի իրավունքին վերաբերող հոդվածներում: Նոր կարգավորմամբ 2,5 տարի անընդմեջ, եթե աշխատողն արձակուրդի դիմում չի ներկայացնում, ապա գործատուն իրավունք է ստանում իր հայեցողությամբ նրան ուղարկելու արձակուրդի: Գործող կարգավորումներով աշխատող-գործատու հարաբերությունները վեց ամիս տեւելուց հետո միայն արձակուրդ էր տրամադրվում: Առաջարկվել է դա իրականացնել կողմերի համաձայնությամբ:

Հստակեցվել են ուսումնական արձակուրդի տրամադրման դեպքերը. աշխատողին հնարավորություն է տրվում, աշխատատեղը պահպանելով, ուսման ամբողջ ժամանակահատվածում գործատուի համաձայնությամբ ուսումնական արձակուրդ ձեւակերպել, բայց ոչ ավելի, քան երկու տարի` օտարերկրյա ուսումնական հաստատությունում սովորելու նպատակով: Այդ ընթացքում աշխատավարձ չի տրվելու, բայց աշխատատեղը պահպանվելու է:

Հաջորդն ավանսով տրամադրված գումարի վերադարձի հնարավորություն տալն է գործատուին. այս պահին գործատուն նման հնարավորություն չունի:

Գործող կարգավորմամբ, եթե աշխատողը ցանկանում է ազատվել աշխատանքից, ապա դիմումը ներկայացնելուց 30 օր հետո միայն կարող է աշխատանքի չներկայանալ: Փոփոխություններով առաջարկվում է դիմումի ներկայացման ժամանակահատվածից չներկայանալ, եթե գործատուն դեմ չէ: Որոշ երաշխիքներ են նախատեսվում գործատուների համար:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է ներդնել փորձնակի ինստիտուտը: Նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում սովորողներն ուսանելու ընթացքում կամ ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում հնարավորություն կունենան իրենց ցանկությամբ որեւէ գործատուի մոտ փորձնակություն (պրակտիկա) անցնելու: Սահմանվել են փորձնակության սահմանափակումները. տեւողությունը մինչեւ երկու ամիս է, յուրաքանչյուր գործատուի մոտ նույն անձը մեկ անգամ կարող է որպես փորձնակ ներգրավվել: Շեմ է նախատեսվել, ըստ որի` գործատուն առնվազն 10 աշխատող պետք է ունենա, որ կարողանա մեկ հոգու եւս ընդգրկել:

Ընդունելով հանդերձ աշխատունակ կենսաթոշակառուների հանգամանքը` Աղվան Վարդանյանը կարծիք է հայտնել, որ, այդուհանդերձ, պետք է լինի տարիքային որեւէ սահմանափակում, քանի որ կա երիտասարդներին հնարավորություն տալու խնդիր: Լիլիթ Ստեփանյանը եւս բարձրացրել է այս հարցը, նշել, որ խնդիրը միայն կենսաթոշակային տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագրի լուծումը չէ, այլ աշխատանքի որակի եւ ՕԳԳ-ի մասին է: Նա կենսաթոշակային տարիքը բարձրացնելու առաջարկ է հնչեցրել: Փոխնախարարը կարծիք է հայտնել, որ որեւէ տարիքային խումբ նշելու դեպքում կրկին խտրականության խնդրին ենք բախվելու: Մարիամ Պողոսյանը կողմ է արտահայտվել տարիքային խտրականության վերացմանը: Զարուհի Բաթոյանը կարեւորել է բռնությանը կամ սեռական ոտնձգության արգելքին վերաբերող հոդվածի բարելավումը, նշել, որ առաջիկայում այս մասով առաջարկներ կներկայացնեն: «Մենք կանանց տնտեսական ակտիվությունը խթանելու եւ աջակցելու խնդիր ունենք: Այս իմաստով լավագույն տարբերակը նրանց համար աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելն է, ուստի Աշխատանքային օրենսգիրքը վերանայելիս պետք է նաեւ այդ տեսանկյունից մոտենանք: Աշխատավայրում բարենպաստ պայմանների գրավականներից է արժանապատիվ աշխատանքը, սեռական ոտնձգություններից զերծ միջավայրը»,- կարծիք է հայտնել պատգամավորը:

Փոխնախարար Ռուբեն Սարգսյանը պարզաբանել է, որ երիտասարդների աշխատաշուկա մուտքի պահով խնդիր չկա, աշխատաշուկայում պահանջարկը մեծ է: Ըստ նրա` խտրական մոտեցում է ցուցաբերվում անձին տարիքի պատճառաբանությամբ աշխատանքից ազատելու դեպքում: Գործող օրենսդրությունն ունի համապատասխան գործիքակազմ, որով սահմանված հիմքերի առկայության պարագայում գործատուն կարող է աշխատակցին հեռացնել աշխատանքից:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի գնահատմամբ հեշտացվում են աշխատանքային պայմանագրի պայմանները, ներմուծվում է փորձնակի ինստիտուտը, գործատուին եւ աշխատողին աշխատանքային հարաբերությունները կարգավորելու հարցում ճկունություն է տրվում: Նա նշել է, որ նախաձեռնությունն իրավակիրառ պրակտիկայի բացերը լրացնելու նպատակ ունի: «Ծավալը մեծ է, բայց գործատու-աշխատող հարաբերություններում արմատական փոփոխություններ չեն նախատեսվում»,- ասել է հանձնաժողովի նախագահն ու հավելել` գործատուին եւ աշխատողին հնարավորություն է տրվում հավասարակշռելու իրենց հարաբերությունները հանգստի իրավունքի կազմակերպման, աշխատանքային պայմանագիրը լուծելու առումով, ինչպես նաեւ սահմանափակվում են աշխատողի կողմից իր իրավունքի չարաշահման հնարավորությունները: Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկները հաշվի կառնվեն, եւ նախագիծը կլրամշակվի:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am